Կիրակմուտքի Խօսք

Այնուհետև Հիսուսն ասաց իր աշակերտներին.
«Եթե մեկն ուզում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և հետևի ինձ»: Մատթեոս 16:24

Այս մեկ նախադասությամբ Քրիստոս մեզ ևս մեկ անգամ սովորեցնում է մեր «ես»-ը չդարձնել ամենակարևորը, այլ խոնարհություն ցուցաբերելով նմանվել իրեն և օրինակ լինել ուրիշների համար։

Քրիստոնիայի կարևորագույն առաքինություններից է խոնարհությունը,

որը ճշմարիտ հավատացյալին միշտ մղում է գիտակցելու, ճանաչելու իր անձը, իր ներքին էությունը, ապավինելու Աստծուն, սիրվելու և շնորհ է տալիս միայն խոնարհներին։

Ինչպես որ չկա ավելի մեծ չարիք, քան հպարտությունը, այդպես էլ չկա ավելի մեծ բարիք, քան խոնարհությունը։ Ողջ Տիեզերքի ստեղծողը, Արարիչն ու փրկիչը, խոնարհեցրեց իր անձը, մարդացավ մարդկանց ծառայելու գործը հանձն առավ, որպեսզի իր խոնարհությամբ ցույց տա ամենքիս ողջ մարդկության փրկության ուղին։

Ինչպես ասում է ավետարանում. Ով ինքն իրեն բարձրացնում է պիտի խոնարհվի, և նա ով ինքն իրեն խոնարհեցնում է պիտի բարձրանա։ (Ղուկաս 18:14)

Սիրելիներ, թող ոչ ոք խոնարհությունը չհամարի հոգու անզորություն կամ մտքի տկարացում, կամ կամքի թուլություն, այլ թող ճշմարտապես իմանա, որ խոնարհությունը ոգու արիության, մտքի իմաստության ու կամքի ուղիղ լինելու նշան է։

Չկա աշխարհի վրա մի Տեր, որ իր ծառաների ոտքերը լվանա, չկա մի թագավոր, որ իր հպատակներին սպասարկի, չկա մի իշխան, որ իր ծառայի համար իրեն զոհաբերի։

Մեր Տերը խոնարհությամբ և հեզությամբ ոչ միայն կատարեց այդ ամենը, այլ նաև բոլորիս համար անպատմելի տառապանքներ կրեց, խաչի վրա դաժան մահ ճաշակեց, սակայն Հարություն առնելով , ցույց տվեց կենդանի օրինակով` խոնարհ անձի հաղթական բարձրացումը։

Ուրեմն սիրելիներ, եկեք ուրանանք մեր անձերը, լցվենք խոնարհությամբ և լինենք արժանի զավակները մեր Տիրոջ։

Գնել քհն. Գաբրիելյանը

YouTube

Բեռնելով տեսանյութը՝ դուք ընդունում եք YouTube-ի գաղտնիության քաղաքականությունը:
Իմացեք ավելին

բեռնել տեսանյութը