Կիրակմուտքի Խօսք

«Աստված լույս է, և նրա մեջ խավար չկա», - գրում է Սուրբ Հովհաննես Առաքյալն ու Ավետարանիչը (Ա Հովհաննես 1:5): Ավետարանի նախաբանում նա նույնպես խոսում է Աստծո աստվածային խոսքի մասին, որը աշխարհ է գալիս որպես լույս, այն շողում է խավարի մեջ և խավարը չի պատում նրան (Հովհ. 1:1-18): Ամեն ինչ սկսվում է այդ աստվածային լույսից: Աստված ասում է. Թող լույս լինի (Ծննդոց 1:3), և այսպիսով աշխարհը սկիզբ է առնում, սկսում իր գոյությունը:

Այնուամենայնիվ, շատ բան մնում է խավարի մեջ։ Ամեն ինչ չէ, որ լուսավորված է Քրիստոսի ծնունդով և նրա հարությամբ: Այս աշխարհում դեռ շատ ու շատ խավար կա: Այս մասին, հատկապես վերջին մի քանի տարիներին, բոլորս էլ առիթ ենք ունեցել մտածելու:

Մտածում եմ պատերազմների անթիվ զոհերի, համաճարակի զոհերի, այլատյացության և անարդարության զոհերի, բայց նաև նրանց ընտանիքի անդամների և հարազատների մասին։ Մտածում եմ բոլոր ծանր հիվանդների, բռնության ենթարկված կամ լքված մարդկանց, բայց նաև այն մարդկանց մասին, ովքեր ստիպված են թողնելով իրենց տները փախչել օտար երկիրներ:

Այո, այս աշխարհում դեռ շատ տառապանք և անարդարություն կա: Դրանց մեծ մասը մարդկանց ուղեղում առկա մութ մտքերի արդյունք է... Իսկ կարո՞ղ է արդյոք ինչ-որ բան փոխվել: Այո՛, ասում է առաքյալը, ով վկան է կենսաբեր աստվածային Բանի։ Նա այսօր խոսում է մեզ հետ և վկայում. Աստծո խոսքը, նրա պատգամը ուղղորդում է մեզ, օգնում է մեզ վերահսկողության տակ առնել մեր կյանքը: Նրա խոսքը մեզ հույս ու վստահություն է տալիս։

Հովհաննես առաքյալը խոսում է լույսի մասին, որը գալիս է և լույս է տալիս խավարի մեջ: Ու թեև Գողգոթայում թվում է, թե խավարը պատել է լույսին, Հարության օրը մենք տեսնում ենք, որ Հոր և Որդու միջև առկա սիրո բոցը շարունակում է վառվել՝ վերստին կյանքի հառնելով, կենդանացնելով Խաչյալին: Խավարը զորություն չունի այն լույսի վրա, որը Քրիստոսն է: Նա լուսավորում է խավարի մեջ, և խավարը չի կարող պատել նրան: Ուրեմն, եթե ​​մենք ընտրենք լույսը և մեր կյանքը դարձնենք դեպի Աստված, խոստովանենք մեր մեղքերը և դարձի գանք, մենք կվառենք փոքրիկ մոմերի պես և կվերացնենք գոնե մեր շուրջը տիրող խավարը: Այո, մենք կարող ենք ընդունել Աստծո խոստումը մեզ և փոխել մեր կյանքը, որպեսզի մեր գործերը լուսավորեն աշխարհը: Գուցե եւ չենք խնայվի տառապանքից և ցավից, բայց Քրիստոսի հետ մենք կլինենք անվախ: Որովհետև կունենանք այն վստահությունը, որ խավարն ու դժվարությունները, որոնք այս կամ այն կերպ կարող են մեզ պատել, չեն կարող վերջին հաղթական խոսքն ունենալ։ Ուստի լուսավորեք աշխարհը հանուն Քրիստոսի ձեր կյանքով և թող նրա օրհնություննը հավերժ ձեզ հետ լինի: Ամեն։

Տիրատուր քհն․ Սարդարյան